Երևանի և Թեհրանի միջև գործակցության մասին համաձայնագիր կստորագրվի

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին գործակցության մասին համաձայնագիր կստորագրեն
Նշվում է, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնելու հստակ բնագավառներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին գործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։ Կողմերը նման որոշում են կայացրել հանդիպման ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն։ Երևանի քաղաքապետը հատկապես կարևորել է գործակցության հաստատումը երթևեկության կառավարման, աղբի վերամշակման, կանաչապատման ու մշակույթի ոլորտներում։ Համաձայնագիրը հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել հստակ բնագավառներում»,- նշված է հաղորդագրությունում։

Առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք փոխայցերի միջոցով կնախապատրաստեն փաստաթղթի ստորագրումը:
Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նկատել է, որ կողմերը լիարժեքորեն չեն օգտագործում գործակցության ամբողջ այն ներուժը, որն օգտակար կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար:
ՄԱԿ-ը Սյունիքում գրասենյակներ է բացում, Իրանը` հյուպատոսարան