ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման դեպքում ադրբեջանական տրանսպորտային միջոցները մեր ճանապարհը օգտագործելիս խնդիր չեն ունենա, բայց դա միջանցք չի լինի։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` մանրամասնելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միտքը։
Երեկ Լավրովն ասել էր` երկաթուղային և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հիմքում Հայաստանի տարածքային ինքնիշխանության պահպանումն է լինելու։ Նրա խոսքով` ճանապարհը գործելու է պարզեցված ռեժիմով։
«Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման դեպքում Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող որևէ բան չպետք է տեղի ունենա։ Նրանց տրանսպորտային միջոցները մեր ճանապարհը օգտագործելիս խնդիր չեն ունենա, բայց դա միջանցք չի լինի»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե մաքսային և անձնագրային ռեժիմ լինելո՞ւ է, Քոչարյանը պատասխանեց, որ շրջագայելիս բոլորն էլ տեսնում են, որ ճանապարհային կոմունիկացիաներ կան։ Դրանք, ըստ Քոչարյանի, պետք է գործեն, և ՀՀ–ն չպետք է դեմ լինի։ Սակայն ինքնիշխան տարածքի կառավարումը մեկ այլ կառուցվածքային մոտեցմամբ (ինչպիսին Լաչինի միջանցքն է) այս պահի դրությամբ, Քոչարյանի պնդմամբ, քննարկման առարկա չէ։
Մեկ այլ հարցի, թե ինչ է նշանակում պարզեցված ռեժիմը, Քոչարյանը պատասխանեց, թե դա նշանակում է` մեքենաները, անցնելով համապատասխան ընթացակարգերը, Ա կետից Բ կետը կհասնեն։ Նրա խոսքով` դրա մեջ մտնում է մաքսային, սահմանապահ ծառայությունների աշխատանքը։
Հիշեցնենք` աշխատանքային խումբը, որը հայկական կողմից ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քննարկում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը, մասնավորապես` երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհները Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2021 թվականի հունվարին ընդունած հայտարարության հիման վրա։