Ոստիկանության գործողությունների հարցով Թովմասյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին

Թագուհի Թովմասյանը դիմել է նաև դատախազին, որ պարզեն ոստիկանական գործողությունների իրավաչափությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 3-ին Երևանում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հարցով դիմել է ՀՀ դատախազին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին, միջազգային կառույցներին։ Թովմասյանն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
ՀՀ գլխավոր դատախազի, միջազգային օղակների ուշադրությունը Թովմասյանը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ահազանգերի և հաղորդումների համաձայն՝ հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման։ Բացի այդ, ընդդիմադիր գործիչների պնդումների համաձայն՝ ոստիկանության զորքերի կիրառած հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է եղել, քանի որ 2017թ.-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Իսկ դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։

«Մասնագետների և ականատեսների վկայություններով` քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած բեկորային վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է։ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունը վերաբերել է հանձնարարականի՝ ուղղված իրավասու մարմիններին՝ քննության առնելու հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին որոշման իրավաչափությունը, ինչպես նաև դրանց ժամկետանց լինելու վերաբերյալ հարցեր»,- գրել է Թովմասյանը։

Իսկ միջազգային գործընկերներին ուղղված հրատապ նամակով նա խնդրել է հրապարակային մեկնաբանություն` բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության անթույլատրելի գործողությունների վերաբերյալ։ Թովմասյանը նշել է, որ միջազգային հեղինակավոր կառույցների հրապարակային խոսքը կարող է նպաստել ոստիկանական անթույլատրելի գործողությունների կանխարգելմանը։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ էր կիրառել «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցներ, այնպես էլ ոստիկաններ։ Բախումների դեպքերով հարուցված քրեական գործով 10 անձ է կալանավորվել։