ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերի հետաքննության Պետդումայի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևը հայտնել է, որ ՌԴ-ում կարգելափակվեն ԱՄՆ Պետդեպարտամենտի առցանց հարթակները: Նրա խոսքը մեջբերում է հանձնաժողովի telegram-ալիքը։
«ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ռեսուրսները ու Ռուսաստանի քաղաքացիներին էլեկտրոնային նամակներ ուղարկելու համար առցանց ծառայությունները, որոնք պարունակում են ֆեյքեր, որոնք վարկաբեկում են ռուս զինծառայողներին և Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, կարգելափակվեն»,- ասել է Պիսկարևը:
Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովն ուսումնասիրել է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած՝ Պետդեպարտամենտի նյութերը, որոնք կոչ են անում ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքացիներին միանալ հակառուսական արշավին: Նա նշել է, որ դրա համար ստեղծվել են էլեկտրոնային ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս անսահմանափակ քանակությամբ մարդկանց հատուկ գործողության վերաբերյալ կեղծ տեղեկություններ ուղարկել։
ՌԴ գլխավոր դատախազությունը ստուգումներ է անցկացրել ու դիմել «Ռոսկոմնադզորին»՝ պահանջելով սահմանափակել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հակառուսական տեղեկատվության և առցանց հարթակների հասանելիությունը։
Հանձնաժողովում ավելացրել են, որ արգելափակվելու են նաև նամակներում գովազդվող՝ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսները: