ՌԴ ՕՏՈւ-ն Ուկրաինայում օտարերկրյա վարձկաններով ուսումնական կենտրոն է ոչնչացրել

Գեներալ Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՌԴ ՕՏՈւ-ն օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով Ժիտոմիրի մարզում օտարերկրյա վարձկաններով ուսումնական կենտրոն է ոչնչացրել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ կենտրոնում օտարերկրյա վարձկանները վերապատրաստում էին անցնում։

Բացի այդ, գեներալը նշել է, որ օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է կառավարման 2 կետ, «Օսա-ԱԿՄ» ԶՀՀ՝ ԴԺՀ-ի Ռազդոլովկա բնակավայրի շրջանում, զինամթերքի պահեստ՝ ԼԺՀ-ի Պարասկովիևկայի շրջանում, ինչպես նաև խոցվել են կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման 23 շրջան։

ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով` ՌԴ հրետանին հատուկ գործողությունների ընթացքում մեկ օրում ոչնչացրել է հակառակորդի ավելի քան 300 զինվոր և սպա, ինչպես նաև զորքի կենտրոնացման հարյուրավոր շրջաններ և կառավարման կետեր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 106-րդ օրը։