«Քրիստոսի արձանը պիտի լիներ ամենան». Ծառուկյանը տեսել է դրա գրեթե վերջնական տարբերակը

Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ արձանը տեղադրելուց հետո միայն առաջին տարում ՀՀ եկող զբոսաշրջիկների թիվը 3-5 միլիոնով կավելանա։
Sputnik
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող, քանդակագործ Արմեն Սամվելյանի արվեստանոցում ծանոթացել է արձանի գրեթե վերջնական տարբերակին։ Տեղեկությունը հրապարակվել է Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։
Արձանը 10 անգամ մեծացնելուց հետո կտեղադրվի ՀՀ բարձրադիր վայրերից մեկում։
«Իմ ցանկությունն է եղել, որ ամենալավը լինի. 300 մասնակից է եղել, բայց պետք է լիներ ամենա-ամենան։ Տեղի համար քննարկումներ են գնում, 2.5-3 տարում ամեն ինչ լիարժեք կկազմակերպվի»,–ասել է Ծառուկյանը։
Նրա խոսքով` արձանը տեղադրելուց հետո միայն առաջին տարում ՀՀ եկող զբոսաշրջիկների թիվը 3-5 միլիոնով կավելանա։ Արձանը, ի դեպ, 10 առանձին մասերից է բաղկացած լինելու։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։