ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի («ՍԱՍ-ի Արտակ») նկատմամբ քրեական գործ է հարուցվել արտերկրում գրանցված ընկերությունները չհայտարարագրելու դեպքով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեում։
Գործը հարուցվել է 2022 թվականի մայիսի 15-ին Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը):
Այս արարքի համար քրեական օրենսգիրքը 2-4 տարի ազատազրկում է նախատեսում։
Քրգործ հարուցելու առիթը եղել է ապրիլի 29-ին «Հետք»-ում հրապարակված ««ՍԱՍ-ի Արտակը»՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները» վերնագրով հետաքննությունը։
Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի ու այդ կառույցի հետ համագործակցող լրատվամիջոցների, այդ թվում՝ «Հետքի» ձեռքում են հայտնվել տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնցում տվյալներ են եղել նաև նախկին պատգամավորի մասին։
Ըստ այդ փաստաթղթերի` Արտակ Սարգսյանն ու նրա մտերիմները եղել են Կիպրոսում գրանցված «Demetrios A. Demetriades» իրավաբանական ընկերության հաճախորդները, որոնց տվյալ ընկերությունն օգնել է օֆշորային գոտիներում ձևական ընկերություններ հիմնել։
Արտակ Սարգսյանը 1997թ. հիմնադրել է «ՍԱՍ գրուպ» հոլդինգը:
2004թ.–ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» խմբակցության կազմում, իսկ 2006-ին անդամակցել է ՀՀԿ–ին` տեղափոխվելով «Գործարար» պատգամավորական խումբ։
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել արդեն որպես ՀՀԿ անդամ։
2008թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
2018 թվականի հունիսին լքել է ՀՀԿ–ն։