ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Արևմտյան այն ընկերությունները, որոնք հրաժարվել են վճարել նոր կանոններով, դադարեցվել է նրանց ռուսական գազի մատակարարումը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե նախատեսվում են արդյոք նոր անջատումեր։
«Ոչ, համակարգն աշխատում է, կարգավորված է, և ովքեր ստանում են գազը, ուրեմն նոր համակարգով են աշխատում, որը նշված է Ռուսաստանի նախագահի համապատասխան հրամանագրում»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած մյուս պետությունները գազի մատակարարման դիմաց պետք է վճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիրը և տեղեկացրեց, որ եթե ապրիլի 1-ից ոչ բարեկամական երկրները ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Նոր սխեմայի համաձայն` «Գազպրոմբանկը» արտարժույթով և ռուբլով հատուկ հաշիվներ է բացում արտասահմանյան գնորդների հետ գազի դիմաց վճարումների համար: Գնորդը կկարողանա միջոցներն առաջին հաշվին փոխանցել երկնագույն վառելիքի մատակարարման պայմանագրում նշված արժույթով, բանկը այն կվաճառի մոսկովյան բորսայում, ինչից հետո ռուբլին կփոխանցի գազի գնորդի հաշվին, և արդեն դրանից կվճարվի գազի մատակարարին՝ «Գազպրոմին»: