ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Թուրքիայի կողմից կառուցողական մոտեցում չէ հայ-թուրքական հարաբերությունները կապելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Միրզոյանը նման կարծիք հայտնեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Ուրախ ենք լսել Թուրքիայի իշխանությունների այն հայտարարությունները, որ պատրաստ են դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը. սա ողջունելի է։ Մյուս կողմից, մենք մոտեցումների տարբերություններ ենք տեսնում, որ թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանի, ամեն դեպքում մենք կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների միջև։ Կապ, որը Թուրքիան է փորձում գտնել և ընդգծել յուրաքանչյուր առթիվ»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ կան որոշակի տարբերություններ այն առումով, որ տարբեր պատկերացումներ ունեն նաև դրանց տեմպի մասին։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, երկրորդ անգամ` փետրվարի 24-ին Վիեննայում, երրորդ անգամ կրկին Վիեննայում՝ մայիսի 3-ին։