Հույս ունենք` ռուսական կողմն ավելի մեծ ջանքեր կգործադրի գերիների վերադարձի համար. Միրզոյան

Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հույս ունի, որ ռուսական կողմն է՛լ ավելի մեծ ջանքեր կգործադրի հայ գերիների` հայրենիք վերադառնալու համար։ Միրզոյանը նման հայտարարություն արեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։
«Բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ ուղղված նոյեմբերի 9-ի պայմանավորվածության կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական և հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` միևնույն ժամանակ, ռազմական գործողություններից 1.5-2 տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին։

Միրզոյանը հայտնեց, որ այսօր Լավրովի հետ կառուցողական և անկեղծ քննարկում ունեցան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ.
«Այսօր արձանագրել ենք միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր ոլորտներում, դրական ենք գնահատել ռազմավարական դաշինքի բոլոր մեխանիզմների աշխատանքը, ներառյալ առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության համաժողովների գործունեությունը»։
Նա նշեց նաև, որ անդրադարձել են 2022-23թթ. ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի վաղվա նիստին ընդառաջ ուշադրություն են դարձել համագործակցության հարցին նաև այս շրջանակում։
Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:
ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն, գերիների իրական թիվը 119 է։