Երևանում Հնդկաստանի քաղաքացուց 85-90 հազար դոլար են հափշտակել. կա ձերբակալված

Գազի կաթսան վերանորոգելու նպատակով Հնդկաստանի քաղաքացու բնակարան այցելած տղամարդը կրկին նույն տուն է եկել մեկ շաբաթ անց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Երևանում 2 օր առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Հնդկաստանի քաղաքացու դեմ։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2022թ. հունիսի 1-ին, գազի կաթսան վերանորոգելու նպատակով Հնդկաստանի քաղաքացու բնակարան է այցելել մի տղամարդ:
Որոշ ժամանակ անց՝ 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, նույն անձն ընկերոջ հետ կրկին այցելել է նշված բնակարան, որտեղ զենքի գործադրման սպառնալիքով փակել են տանտիրոջ բերանը, գոտիով կապել ոտքերը և հափշտակել, նախնական տվյալներով, 85.000-ից 90.000 ԱՄՆ դոլար և 35.000 ՀՀ դրամ գումար ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով: Հնդկաստանի քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի՝ 2000թ. ծնված բնակիչը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ավազակությանը մասնակից մյուս անձի (անձանց) ինքնությունը պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ: