Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարել են. ի՞նչն է հավանական պատճառը

Ոստիկանները պարզել են տուժողի, ինչպես նաև հանցանքը կատարողի ինքնությունները, հայտնաբերվել է նաև դանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երևանում դանակահարել են թիվ 42 ավտոբուսի վարորդին, որը նկատողություն է արել ուղևորին` հանրային տրանսպորտում ծխելու համար։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է հունիսի 9-ին, առավոտյան ժամը 08։35-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ից։ Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի առաջային անոթային գծի ուղղությամբ կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի։
Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Չնայած դրան, ծառայողներին հաջողվել է պարզել վիրավորի ինքնությունը` նա Երևանի բնակիչ, 65-ամյա Արթուր Մ–ն է, որը ավտոբուսի վարորդն է եղել։
Իրավապահները Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել են կասկածյալին ու բերման ենթարկել։ Նա Երևանի բնակիչ, 55-ամյա Համլետ Հ.-ն է: Վերջինս ձերբակալվել է, հանցագործության գործիք դանակն էլ հայտնաբերվել է։
Կայքի տեղեկություններով` սպանության փորձի համար կասկածվողը առավոտյան նստել է թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը, և երբ հասել են Նոր Նորք վարչական շրջան, Արթուր Մ.-ն նրան զգուշացրել է, որ արգելվում է տրանսպորտի մեջ ծխել։ Ծագած վիճաբանության ժամանակ էլ տղամարդը դանակով հարվածել է վարորդին: