ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ–ին ապագայում կարող են անդամակցել նաև այն երկրները, որոնք ԽՍՀՄ կազմում չեն եղել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Նուր-Սուլթանում ընթացող «Ղազախստան և Ռուսաստան. ԵԱՏՄ շրջանակում համագործակցության արդիական ուղղությունները» գիտաժողովում ելույթ ունենալիս։
«Գործադրվող ճնշումը միտված է ՌԴ տնտեսությունը թուլացնելուն, և պատժամիջոցների հեղինակները հույս ունեն, որ դրանք կվախեցնեն ԵԱՏՄ երկրներին և հեռու կպահեն Ռուսաստանի հետ համագործակցությունից, կխզեն մեր կապերը, իսկ դա կնշանակի, որ Եվրասիական տարածաշրջանը չի կարողանա տնտեսապես ինտեգրվել որպես ինքնուրույն սուբյեկտ», – ասել է Օվերչուկը։
Օվերչուկը նշել է, որ նախկինում «ողջ տնտեսությունը նախևառաջ կառուցվում էր Եվրոպայի հետ կապերի վրա» և Ռուսաստանում բարդություններ են զգում վերջին տասնամյակում ձևավորված լոգիստիկ շղթայի խախտման հետ կապված։
«Սակայն մենք աշխատում ենք լոգիստիկ նոր կապեր ստեղծելու ուղղությամբ։ Թույլատրել ենք զուգահեռ ներմուծումը։ Իհարկե, այսօր առևտրային նոր գործընկերներ ենք փնտրում և փորձում կապեր հաստատել նախևառաջ այն երկրներում, որոնք Ռուսաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք չեն դրսևորում։ Այսօր հատուկ նշանակություն է ունենալու «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, այստեղ մեծ դաշտ կա Ղազախստանի հետ համագործակցելու համար», – հավելել է նա։
Միևնույն ժամանակ փոխվարչապետը նշել է, որ ՌԴ տնտեսությունը շարունակում է աճել ի հեճուկս առկա պատժամիջոցային ճնշումների. վերջին չորս ամսվա ընթացքում աճը կազմել է մոտ 1,7%։ Մայիսին գնաճը գրեթե կանգնել է, մայիսի վերջին շաբաթվա ընթացքում այն 0% մակարդակում է եղել, նախորդ շաբաթ սկսվել է գնանկումը։
Օվերչուկի խոսքով` ՌԴ նախագահի, կառավարության և Ռուսաստանի բանկի ձեռնարկած միջոցների շնորհիվ երկրի դեմ հրահրված տնտեսական պատերազմը ձախողվել է և իրականացնողների ծրագրով չի ընթացել։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։