ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Բրյուսելը չի կարողանում հաշտվել հունգարական քաղաքականության հաջողության հետ, հայտարարել է Հունգարիայի վարչապետի քաղաքական հարցերով խորհրդական Բալաժ Օրբանը՝ ի պատասխան վառելիքի գների «խտրականության» մասին Եվրահանձնաժողովի մեղադրանքներին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Սոնյա Գոսպոդինովան հայտարարել էր, որ ԵՀ-ն ուսումնասիրում է այլ երկրների ավտոմեքենաների համար Հունգարիայի վառելիքային միջոցառումները և կոչ է անում դադարեցնել դրանք։ Մայիսի 27-ից սկսած արտոնյալ գնով Հունգարիայում կարող են բենզինով լիցքավորվել միայն այդ երկրի գրանցման նշաններով մեքենաները: Հունգարիայի կառավարությունը 2021 թվականի նոյեմբերի 15-ից սկսած երեք ամսով սառեցրել էր բենզինի և դիզելային վառելիքի գները և սահմանել 480 ֆորինտ(1,3 դոլար), ավելի ուշ երկարաձգել էր դա:
«Թվում է, թե Բրյուսելը չի կարողանում համակերպվել. քանի դեռ բենզինը կայուն թանկանում է ամբողջ ԵՄ-ում, հունգարացիները, գների սառեցման շնորհիվ, կարող են հետագայում էլ լավ գնով լիցքավորվել։ Լավ կլիներ, որ Բրյուսելը սթափվեր և հետևեր մեր երկրի օրինակին՝ մեր հաջող քաղաքականությունը սևացնելու փոխարեն», - գրել է Օրբանը սոցցանցերում։
Օրբանը նշել է, որ եվրահանձնակատար Թիերի Բրետոնը սպառնացել է դատի տալ Հունգարիային՝ վառելիքի «խտրական» գների պատճառով և պահանջել է, որ ոչ միայն հունգարական, այլև այլ երկրների համարանիշներով ավտոմեքենաներին թույլատրվի լիցքավորել ֆիքսված գնով։