Ավարտական փուլում է տրանսպորտային երթուղու համաձայնեցումը. Լավրով

Սերգեյ Լավրով
Ապաշրջափակման հարցերով կան բազմաթիվ մանրամասներ, որոնց վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր պատկերացումներ ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երկաթուղային և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հիմքում Հայաստանի տարածքային ինքնիշխանության պահպանումն է լինելու։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունները Հայաստանի տարածքով «միջանցք» ունենալու մասին:
Նրա խոսքով՝ հունիսի 3-ին երեք երկրների փոխվարչապետների հանդիպումը կարելի է դրական գնահատել. նրանք ռիթմիկ են աշխատում։
«Ինչպես գիտեք, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, այժմ ավարտվում է տրանսպորտային երթուղու և դրա ռեժիմի համաձայնեցումը։ Ապաշրջափակումը հենվելու է ՀՀ տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա։ Այստեղ ոչ մի երկիմաստություն չի կարող լինել»,–ասաց Լավրովը։
Իր հերթին Միրզոյանը ևս շեշտեց, որ միջանցքային տրամաբանություն չկա, և դա ընդհանուր ընկալում է։
Միաժամանակ, ըստ Միրզոյանի, կան բազմաթիվ մանրամասներ, որոնց վերաբերյալ կողմերը տարբեր պատկերացումներ ունեն։ Սակայն ԱԳ նախարարը վստահ է, որ կողմերը կհասնեն փոխադարձ ընդունելի լուծումների։
Հավելենք, որ աշխատանքային խումբը, որը հայկական կողմից ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քննարկում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը, մասնավորապես, երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհները Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Հանձնաժողովը ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2021 թվականի հունվարին ընդունված հայտարարության հիման վրա։