«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք է տեղադրված. ահազանգ ԱԻՆ-ում

Ահազանգով «Զվարթնոց» են մեկնել ԱԻՆ-ի տարբեր ստորաբաժանումների հերթապահ խմբեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ են ստացել «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարքի առկայության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունիսի 8-ին, ժամը 14։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք է տեղադրված»,-ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ահազանգով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։