Զախարովան ներկայացրել է Լավրովի և ՀՀ ղեկավարության բանակցությունների օրակարգը

Մարիա Զախարովա
ՌԴ արտգործնախարարը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում Հայաստանի ղեկավարության հետ մանրամասն կխոսի ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի առաջնորդների` 2022 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կքննարկվեն երկկողմ դաշնակցային հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համակարգման ամրապնդմանը վերաբերող հարցեր», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով` Մոսկվան գոհունակությամբ ընդգծում է, որ հաշվի առնելով ընթացիկ տարում Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, երկկողմ շփումներն աչքի են ընկնում բարձր ինտենսիվությամբ: 2022 թվականին կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը, ինչպես նաև ՀՀ արտգործնախարարի աշխատանքային այցը, համագործակցության գծով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը, ՌԴ Պետդումայի խոսնակի այցը Հայաստան` ՀԱՊԿ ԽՎ–ի շրջանակում։
«Հունիսի 10-ին Երևանում Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։ Մասնակիցները կամփոփեն կառույցի շրջանակում բազմակողմանի համագործակցության արդյունքները, կքննարկեն հետագա փոխգործակցության հեռանկարները», – նշել է Զախարովան։
Միջոցառման ընթացքում կանդրադառնան միջազգային, տարածաշրջանային իրադրությանը, կքննարկեն, թե որքանով է այն ազդում կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա, կխոսեն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման մասին։
Նիստի արդյունքում կստորագրվի 2022-2024 թվականների համար արտաքին քաղաքականության, պաշտպանության, անվտանգության հարցերով ՀԱՊԿ երկրների խորհրդակցությունների ծրագիրը։
Հիշեցնենք` Լավրովը Հայաստան կժամանի այսօր։ Վաղը` հունիսի 9-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: