Թուրքիան Շվեդիայի ու Ֆինլանդիայի առջև 10 պայման է դրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում. Արխիվային լուսանկար
Հայտնի են դարձել Անկարայում Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը համաձայնելու համար Անկարան այդ երկրների առջև 10 պայման է դրել, որոնք վերաբերվում են արդեն ոչ միայն քրդերին, այլև Թուրքիայում ահաբեկիչ հռչակված այլ ուժերին։ Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ Yeni Şafak թերթը՝ նշելով, որ իրենց հաջողվել է ձեռք բերել Անկարայում կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։
Թուրքիայի առաջադրած պայմաններն ընդգրկում են նաև 2016թ․ երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող «Գյուլենականներին», ինչպես նաև ընդդիմադիր մարքսիստ-լենինյան «Հեղափոխական Ժողովուրդների ազատագրման կուսակցություն-ճակատ» (ՀԺԱԿ) ուժին։
Ըստ աղբյուրի՝ Թուրքիան պահանջել է, որ․
1․ Սկանդինավյան երկու երկրներն աջակցեն Թուրքիային ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK), ՀԺԱԿ֊ի, ԻՊ-ի, Գյուլենականների դեմ պայքարում։
2․ Շվեդիան ու Ֆինլանդիան ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է անհրաժեշտ իրավական կարգավորումներ անեն ու համապատասխան ենթակառուցվածք ստեղծեն։
3․ Պետք է արգելափակվեն PKK-ի՝ սկանդինավյան այդ երկրներում գտնվող ճյուղերի ներկայացուցչությունների բացվելու բոլոր փորձերը։
4․ Երկու երկրներում էլ պետք է արգելվի Գյուլենականների գործունեությունը, նրանց հետ կապ ունեցող ինտերնետային կայքերն ու մեդիա մարմինները պետք է փակվեն։
5․ Պետք է բավարարվեն արտահանձնման, ակտիվների սառեցման ու ահաբեկչության հետ կապ ունեցող ասոցիացիաների փակման վերաբերյալ պահանջները։
6․ Շվեդիայում և Ֆինլանդիայում գտնվող ահաբեկչության հետ կապված անձինք պետք է արտաքսվեն և արտահանձնվեն։
7․ PKK-ի և ՀԺԱԿ-ի նման ահաբեկչական կառույցներին պետք է թույլ չտալ ցույցեր անել։
8․ Շվեդիան ու Ֆինլանդիան պետք է Թուրքիային ներկայացնեն հետախուզական տվյալներ։
9․ Երկու երկրներն էլ պետք է հանեն Թուրքիայի նկատմամբ սահմանված պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները։
10․ Եթե Շվեդիան ու Ֆինլանդիան դառնան ՆԱՏՕ-ի անդամ, ապա վերոնշյալ պարտավորությունները պետք է կատարեն։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Շվեդիան ու Ֆինլանդիան մայիսի 18-ին հայտ են ներկայացրել անդամակցելու ՆԱՏՕ-ին, սակայն դաշինքի անդամ Թուրքիան վետո է սահմանել հայտի քննարկման վրա ու նշել, որ դեմ է այդ երկրների անդամակցությանը։ Անկարան պնդում է, որ սկանդինավյան երկրներն աջակցում են Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներին, հետևաբար «ահաբեկիչներին աջակցողները չեն կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»։
Թուրքիան ի վերջո կհամաձայնի, որ Շվեդիան ու Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին. լեհ դիվանագետ