Պետությունը պետք է հետևություններ անի. ՄԻՊ–ը ներկայացրեց ՔԿՀ–ների խնդիրները

Քրիստինե Գրիգորյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատմեց «Աբովյան» ՔԿՀ կատարած իր այցի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը համարում է, որ քրեակատարողական հիմնարկների ամենակարևոր և սուր խնդիրները պահման պայմաններն են ու տրամադրվող բժշկական աջակցությունը։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա ընդգծեց, որ ՄԻՊ աշխատակազմը նախորդ տարում պլանավորած 50–ի փոխարեն 57 մշտադիտարկման այց է կատարել ՔԿՀ–ներ, փակ կամ կիսափակ հաստատություններ, այդ թվում` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոններ, հոսպիտալներ ։
«Քրեակատարողական բժշկության մոդելը, որն այժմ ներդրված է, ճիշտ միջազգային մոդել է, սակայն խնդիրները տարիներ շարունակ մնում են չլուծված։ Որակավորված մասնագետների համար ոչ գրավիչ աշխատատեղեր են, բազմաթիվ հաստիքներ էլ մնում են թափուր։ Կարծում եմ` պետությունը պետք է հետևություններ անի ու իր քաղաքականությունը որոշակիորեն փոխի»,– նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ՔԿՀ–ներում ստեղծված իրավիճակը հանգեցնում է անձանց խնամքի, բժշկական օգնություն ստանալու ու առողջության պահպանման իրավունքի խախտումների։
ՄԻՊ–ը պատմեց «Աբովյան» ՔԿՀ (այնտեղ կանայք և անչափահասներ են պահվում) կատարած այցի մասին։
Գրիգորյանը վստահեցրեց` պահման պայմանները չեն կարող միայն տարիներ ի վեր ֆինանսական միջոցների բացակայության հետևանք լինել։
«2-3 տարի առաջ կատարված այցի համեմատությունը ցույց է տալիս, որ խնդիրները շարունակում են մնալ։ Այստեղ նույնպես շատ սուր արտահայտված էր բժշկական խնամքի հնարավորությունները, հիգիենայի ապահովման ստանդարտները։ Մենք այս առումով օրենսդրական առաջարկություններ ենք ներկայացրել»,– ասաց նա։
«Արմավիր» ՔԿՀ–ի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. մարմնին բազմաթիվ վնասվածքներ են եղել
Հիշեցնենք` մայիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, խորհրդարանին ներկայացնելով «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի» մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, հայտնել էր` բուժական ՔԿՀ-ների փոխարեն նախատեսվում է, որ յուրաքանչյուր բանտում լինեն ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքներ, որտեղ կիրականացվի բժշկական սպասարկումը և օգնություն կտրամադրվի։
Փոխնախարարը շեշտել էր, որ նոր օրենսգրքով կկրճատվի վարչարարությունը, և ազատազրկված անձինք կկարողանան մի քանի ժամում ունենալ ուղեգիր և տեղափոխվել համապատասխան հիվանդանոց։ Դատապարտյալների հիվանդանոցն էլ վերապրոֆիլավորվելու է, որովհետև անվտանգության գոտիները պետք է տեղայնացվեն։ Սարգսյանը հայտնել էր նաև, որ նախատեսվում է փակել դատապարտյալների հիվանդանոցը և Երևանում նոր քրեակատարողական հիմնարկ հիմնել, որը կունենա հիվանդանոցին բնորոշ պայմաններ։