ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Երևանի«Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնում են «Ոսկե ծիրանի» գրասենյակից:
Թերի Ջորջը երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է օսկարի։ Նրա ֆիլմերից են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։
Ջորջի ֆիլմերում հանդես են եկել համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Հելեն Միրենը, Դենիել Դեյ-Լյուիսը, Բրյուս Ուիլիսը, Քոլին Ֆարելը, Խոակին Ֆենիքսը...
Ի դեպ, հենց Ջորջն է 2016 թվականին նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը, որում հանդես են եկել Օսկար Այզեկը, Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Քրիստիան Բեյլը, Անժելա Սարաֆյանը և այլ դերասաններ։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։