Կոտոլյանը կուղևորվի ԱՄՆ` կանեփի արդյունաբերական փորձն ուսումնասիրելու

Հայաստանի իշխանությունները ցանկանում են թույլատրել տեխնիկական կանեփի աճեցումը և մտադիր են հասկանալ, թե ինչ կանոններով են այդ թույլտվությունները ստացվում այլ երկրներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը գործուղվելու է ԱՄՆ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Կոտոլյանը հունիսի 20-24-ը կլինի Լոս Անջելեսում և Սակրամենտոյում` արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտի վերահսկման լավագույն փորձի ուսումնասիրության համար։
Կոտոլյանը կհանդիպի Սակրամենտոյի նահանգապետարանի Սննդի և դեղորայքի դեպարտամենտի ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի տվյալներով` 2021 թվականին երկրում կանեփի աճեցման ծավալը գերազանցել է 820 միլիոն դոլարը, դրա մեծ մասը (623 միլիոն դոլար) աճեցվում է ծխելու համար, իսկ մոտ 200 միլիոն դոլարը` կանեփի ձեթի, ինչպես նաև մանրաթելերի համար:
Կառավարությունն ավելացնում է կանեփի արտադրության ու արտահանման քվոտաները
2021 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունն ընդունեց տնտեսության վերականգնման ծրագիր, որտեղ գյուղատնտեսության բաժնում նշվեց բարձր ավելացված արժեքով մշակաբույսերի աճեցման կարևորությունը:
Դրանց թվում նշվել է տեխնիկական կանեփը։ Այն տարբերվում է հոգեմետ տարբերակից կաննաբինոիդային յուղերի ցածր պարունակությամբ և կարող է օգտագործվել տեխնիկական նպատակներով (կոսմետիկայի, բժշկության և այլնի համար): Միաժամանակ, կանեփի արտադրության կանոնները Հայաստանում դեռ կանոնակարգված չեն։