ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանն առաջին անգամ միացել է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը, որն անցկացվելու է հունիսի 17-19-ը ՀՀ ամբողջ տարածքի հնագիտական պեղավայրերում, տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Եվրոպական հնագիտության օրերն անցկացվում են 2010 թվականից, համակարգումն իրականացնում է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Inrap):
«Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար փակ են հանրության համար։ Կլինեն նաև հանդիպումներ հնագետների հետ, որոնք կնկարագրեն իրենց մասնագիտության մանրամասները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կլինեն նաև պեղումներ, ցուցադրությունների, դասընթացների կազմակերպում, գտածոների վերականգնման աշխատանքներին մասնակցություն։
Հայաստանում հունիսի 17-19-ին անցկացվելիք «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։
Միջոցառման ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։