«Եթե պատրաստ է առաջնորդել»․ ընդդիմությունը հրավիրում է Արման Թաթոյանին ելույթ ունենալ

Արման Թաթոյան. Արխիվային լուսանկար
Արման Թաթոյանը թե Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, թե հիմա, պարբերաբար սուր քննադատում է իշխանություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հրավիրում է նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ելույթ ունենալ «Դիմադրության» շարժման հարթակից։ Այս մասին Խամոյանը ասել է Tert.am-ի «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ։
«Եթե պարոն Թաթոյանը պատրաստ է անցնել այս բոլոր դժվարությունների միջով, պատրաստ է առաջնորդել ժողովրդին ու տանել հաղթական հանգրվանի, առաջարկում եմ գալ Ֆրանսիայի հրապարակ։ Ես երբևէ նրան այնտեղ չեմ տեսել», - նշել է պատգամավորը։
Պատգամավորը հավելել է, որ ընդդիմությանը չի անհանգստացնում Արման Թաթոյանի՝ ժողովրդի կողմից վստահության 81 տոկոսը։
«Մեզ դա չէ, որ անհանգստացնում է։ Մեզ անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը», - ընդգծել է Խամոյանը։
Նշենք, որ Արման Թաթոյանը թե Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, թե հիմա, պարբերաբար սուր քննադատում է իշխանություններին։ Պաշտոնը թողնելուց հետո նա մեկ անգամ հանրային հավաք է անցկացրել քաղաքացիների հետ, մեկ անգամ էլ սոցցանցերում տեղեկացրել է, որ նա չի հարում որևէ քաղաքական ուժի, և եթե ցանկություն ունենա քաղաքական պայքարի մեջ մտնել, կհիմնի իր սեփական կուսակցությունը։
Տեղեկացնենք՝ նախօրեին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը, որի արդյունքներով Արման Թաթոյանն ունի բարձր վարկանիշ քաղաքացիների շրջանում։ Ըստ արդյունքների՝ Արման Թաթոյանին վստահում է քաղաքացիների 81%-ը, չեզոք է վերաբերվում 9%, չի վստահում 7%-ը, չգիտի՝ 2%-ը: