Երևանն ու Բաքուն կարգավորման հարցում առաջ շարժվելու իրական հնարավորություն ունեն. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ն «խիստ խրախուսում է» այն քայլերը, որոնք կողմերն անում են մերձեցման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ունեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ, որ հիմա իրական հույս կա, բարենպաստ հնարավորություն կա Ադրբեջանի և Հայաստանի համար՝ հարաբերությունները նորմալացնելու և խաղաղ կարգավորման որոնման հարցում»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը։

Նա ավելացրել է, որ երկու երկրներն էլ «կարևոր քայլեր են արել» այդ ուղղությամբ։
«ԱՄՆ-ն լիովին խրախուսում է դա»,- ընդգծել է Դոնֆրիդը։

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:
Կողմերը, մասնավորապես, պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների պետական սահմանին սահմանազատման սահմանային հանձնաժողովների առաջին նիստն անցկացնելու վերաբերյալ: Մայիսի 24-ին երկու երկրների սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ սահմանազատման հանձնաժողովների ձևաչափով: