«Դոն Պիպոյի» հանդեպ հետախուզում է հայտարարվել

Արթուր Ասատրյանը. Արխիվային լուսանկար
Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել «Դոն Պիպոյի» դեմ հարուցված քրգործից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Դոն Պիպո» մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել, տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
Տեղեկացրել ենք, որ Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը): Ասատրյանը 2018 թվականի հունիսին կալանավորվել էր, սեպտեմբերին` ազատ արձակվել։

«Պարզվել է, որ «Դոն Պիպո» մականվամբ Ա.Ա.-ն և վերջինիս կնոջ ազգական Կ.Ղ.-ն Էջմիածին քաղաքում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն։ Կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերմիներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ իրենց գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերություն։ «Դոն Պիպոն» աշխատանքի վերցնելու պատրվակով անձամբ և իրենց մտերիմների միջոցով տարբեր անձանց առաջարկել է որպես պահնորդ աշխատանքի անցնել նշված ընկերությունում՝ նախապատվությունը տալով մարզիկներին:
Հավաքագրված մասնակիցների թվում է եղել «Սենսեյ Արթուր» մականվամբ հայտնի Ա.Հ.-ն, Էջմիածնի շուկայի տնօրեն Ա.Մ.-ն, որոնք կատարել են հանցավոր համագործակցության ղեկավարների ցուցումներն ու հրահանգները, այդ թվում՝ ծանր և առանձնապես հանցագործություններ կատարելու:
Նրանք ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում:
«Դոն Պիպոյի» և նրա կողմնակիցների հետ թշնամական հարաբերություններ ունեցող անձանց հաշվեհարդար տեսնելու՝ սպանելու համար, «Սենսեյ Արթուրը» Ռուսաստանում և ՀՀ-ում պատվիրել է սպանել 3 անձի։ Այդ նպատակով պայմանավորվածություն են ձեռք բերել 2 ծանոթների հետ՝ գումարի դիմաց սպանություններն իրականացնելու շուրջ և սկսել են վերջիններիս մարզել: Սակայն որոշ ժամանակ անց նրանք հայտնել են, որ հրաժարվում են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը։
«Դոն Պիպոյի» դեմ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, նրա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ևս 7 մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է:
Երևանի կենտրոնում սպանվածը Դոն Պիպոյի մտերիմներից է. լուսանկարներ