ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Մկրտչյանն ու Ասպրամ Կրպեյանը, չնայած անվտանգության աշխատակիցների գործողություններին, կարողացել են մտնել առողջապահության նախարարություն, հանդիպել նախարար Անահիտ Ավանեսյանին և իրենց դիրքորոշումը հայտնել ոստիկանության գործողությունների վերաբերյալ վերջինիս հայտարարության վերաբերյալ։ Քրիստինե Վարդանյանը հանդիպման տեսագրությունը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ցուցարարների բախումից հետո Ավանեսյանը հայտարարել էր, որ ոստիկանության աշխատակիցները փայլուն են կատարում իրենց ծառայությունը։
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Քրիստինե Վարդանյանը նախարարի ուղղությամբ լուսանկարներ նետում, որոնցում 44-օրյա պատերազմում զոհվածների մարմիններն են` սպիտակ պոլիէթիլենային տոպրակներով փաթաթված։
«Դրանից հետո դուք դեռ համարձակվում եք ինչ-որ բան խոսել ու գովել ցուցարար ծեծող ոստիկաններին»,- ասում է պատգամավորը։
Ավանեսյանն անպատասխան է թողնում պատգամավորների մեղադրանքները և փորձում է պարզել` երեք աղջիկներն էլ պատգամավոր են, թե ոչ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Հունիսի 3-ին ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ կիրառեց «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։