ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը վաղվանից վերսկսում է առավոտյան ակցիաները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Այս անգամ հավաքի հիմնական նպատակը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն է Հայաստան։
«Հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի մեր ժողովրդի ձայնը հերթական անգամ լսելի դարձնենք և մեր ռազմավարական դաշնակցին տեղեկացնենք, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի մեր անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի»,- գրել է Սաղաթելյանը:
Նա նշել է, որ մեր ժողովրդի կենսական շահերից բխող առաջնահերթությունները որևէ կապ չունեն այն օրակարգի հետ, որով փակ դռների հետևում բանակցում են Հայաստանի իշխանություն ներկայացողները:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր եռօրյա այցով Երևան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա այցի առաջին երկու օրն աշխատանքային է. ՌԴ ԱԳ ղեկավարը կհանդիպի իր հայ գործընկերոջ, ապա ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ։ Հունիսի 10–ին նա Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: