ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին բերման ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա մայիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին գրություն էր հասցեագրել առ այն, որ ոստիկանության ծառայողներն առևանգել են Թադևոս Ավետիսյանին` չտալով որևէ օրինական հիմնավորում։
«Խնդրել էի ԱԺ պատգամավորին բերման ենթարկելու դեպքի առնչությամբ նշված գրությունը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և հանձնարարել իրավասու մարմիններին քննության առնել ոստիկանության ծառայողների գործողությունները և համապատասխան ընթացք տալ»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
Թովմասյանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից գրություն է ստացել, համաձայն որի` փաստական տվյալներ են ստացվել, որ ոստիկանության ներկայացուցիչները, առերևույթ անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, բռնության գործադրմամբ, ձեռքերից և ոտքերից քաշելով, պարեկային ավտոմեքենայով ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող պատգամավոր Թադևոս Էդիկի Ավետիսյանին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է ֆիզիկական ցավ։
Որոշվել է քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունների չարաշահումը` բռնությամբ զուգորդված), վարույթ ընդունել և նախաքննություն կատարել։
Հիշեցնենք` մայիսի 17-ին Թադևոս Ավետիսյանը լուսանկար էր հրապարակել ոստիկանական մեքենայի միջից և գրել, որ իրեն բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել բողոքի խաղաղ ակցիայի ընթացքում։
ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի մասին օրենքի համաձայն` պատգամավորական լիազորությունների ընթացքում և դրանից հետո անձը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված համաձայնության։