ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում զինվորներ տեղափոխող «Կամազը» գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում է գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց Ձորի մարզի Ռազմական ոստիկանության ծառայողները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում. պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։