ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՌԴ իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Ուկրաինայում խաղաղության հարցում իր ներդրումն ունենալ։ Թուրքիայի ՊՆ–ին հղումով Աքարի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Նախարար Աքարն ընդգծել է, որ հետագա մարդկային զոհերը կանխելու, տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը վերականգնելու և վատթարացող մարդասիրական իրավիճակը բարելավելու նպատակով կարևոր է Ուկրաինայում անհապաղ հրադադար հայտարարելը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են նաև, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել` ապահովելու հացահատիկի, արևածաղկի և այլ գյուղմթերքների անվտանգ տեղափոխումը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 104-րդ օրը։