ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում գործող բժշկության և արդյունաբերության ճառագայթային տեխնոլոգիաների ոլորտում գործող միակ` Rusatom Healthcare ԲԸ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Եգիպտոսի առաջատար Farco Pharmaceuticals դեղագործական ընկերության հետ։
Ինչպես հայտնում են ընկերությունից, հուշագիրը ստորագրվել է Աֆրիկայում անցկացվող առողջապահության և դեղագործության շուկային նվիրված Health ExCon 2022 ցուցահանդեսի ու համաժողովի շրջանակում:
Նոր պայմանագիրը հնարավորություններ կստեղծի նաև ԵԱՏՄ անդամ երկրների այլ ընկերությունների համար, քանի որ կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը ոչ միայն ռադիոդեղամիջոցների համատեղ մշակման և արտադրության, նախակլինիկական և կլինիկական հետազոտությունների անցկացման, այլև Եգիպտոսի ու ԵԱՏՄ անդամ երկրների ոլորտային արտադրանքի գրանցման և թողարկման շուրջ։
Rusatom Healthcare ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Օբրուբովը հատկապես կարևորել է ռադիոդեղագործական բժշկության դինամիկ զարգացման անհրաժեշտությունը։
«Ռադիոթերապիան անհրաժեշտ է քաղցկեղով հիվանդների 50%-ի ախտորոշման ու բուժման և աշխարհում տարեկան մոտ 20 միլիոն նոր դեպքերի հայտնաբերման համար։ Ռադիոբժշկությունն ակտիվորեն կիրառվում է նաև սրտաբանության, ռևմատոլոգիայի, էնդոկրինոլոգիայի ոլորտներում։ Բժշկական գիտության զարգացման հետ մեկտեղ այս ցանկը, վստահ եմ, կընդլայնվի»,– ասել է Օբրուբովը։
Rusatom Healthcare–ն ստեղծվել է «Ռոսատոմի» ձեռնարկությունների և ինստիտուտների հիման վրա՝ նպատակ ունենալով զարգացնել բժշկական տեխնոլոգիաները Ռուսաստանում և արտերկրում։