Պոլիտեխնիկի գիտությունների դոկտորների ու թեկնածուների աշխատավարձը կբարձրանա

ՀԱՊՀ–ում առաջին անգամ իրականացվելու է ներբուհական գիտական դրամաշնորհների տրամադրման կարգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, գիտությունների դոկտորի և պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 ակադեմիական ժամի աշխատավարձը կբարձրանա։ Այս մասին «Ֆեյսբուքի» էջում գրել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը և հայտնել, որ հարցը հաստատվել է խորհրդի նիստում։
«Որոշման համաձայն՝ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 75.1%-ով, իսկ պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 95.5%-ով։ Արդյունքում՝ 2 տարակարգի համար էլ 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի 540.000 ՀՀ դրամ, իսկ 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 810.000 ՀՀ դրամ»,– նշել է Ավինյանը:
Նա կարևորել է այն հանգամանքը, որ օրերս համալսարանի գիտական խորհուրդը հաստատել է ՀԱՊՀ աշխատակիցներին գիտական հրապարակումների համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը, որի միջոցով ազդեցության գործակից ունեցող հանդեսներում հրատարակված մասնագիտական հոդվածների համար կտրամադրվի 150-350 հազար ՀՀ դրամ պարգևավճար:
Հաստատվել է նաև ներբուհական գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, որի ֆինանսական չափը, հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշմամբ, սահմանվել էր 50 մլն ՀՀ դրամ։ Այս ծրագիրը իրականացվելու է առաջին անգամ: