ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 3-ին խաղաղ հավաքի մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև բախումների ժամանակ ձերբակալված անչափահասի կալանքի միջնորդությունը մերժվել է։ Այս մասին «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ այդ օրը ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ։ Վնասվածքներ ստացել են ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։
«Նա արդեն ազատ է արձակվել։ Նրա հայրն էլ առավոտվանից մեր կողքին է։ Տարոսը մեր մյուս ընկերներին, որ վաղ թե ուշ ազատ են արձակվելու»,- նշեց Վարդևանյանը։
Ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Պայքար», «Գնալու ենք մինչև վերջ», ու շարունակեցին երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին կառավարական առանձնատների մոտ բողոքի ցույցի հավաքված «Դիմադրություն» շարժման անդամների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ։ Ցույցը ցրելու համար ոստիկանները լուսաձայնային նռնակներ կիրառեցին։ Արդյունքում մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, տեղափոխվեցին տարբեր բուժհաստատություններ։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում ընդդիմությունը կազմակերպում է անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։