ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հունիսի 3-ին խաղաղ հավաքի մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև բախումների դեպքերով հարուցված քրեական գործով 10 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ այդ օրը ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ էր կիրառել «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Վնասվածքներ էին ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկանները։
«Քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 15 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին. նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ): 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում, 4 անձի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ և ձերբակալվել է, որպեսզի հետո կալանավորման միջնորդություն ներկայացնեն նրա վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։