ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերթական հանդիպումն է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Արտգործնախարարն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա պատասխանել ներկաների հարցերին:
«Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ներդնում է հնարավոր բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման և նրանց հայրենադարձման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ:
ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, սակայն, գերիների իրական թիվը 119 է։