Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել են տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը կարևորել է հատկապես տնտեսական հարցերով ճանապարհային քարտեզի հաստատումն ու համատեղ ջանքերի շնորհիվ դրա շարունակական իրականացումը: Երկուստեք ընդգծվել են ենթակառուցվածքների զարգացման, ջրային և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում տարածաշրջանային տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հանդիպմանը նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի արդիական հարցեր են քննարկվել։
Հիշեցնենք, որ Գրիգորյանն այսօր ընդունել է նաև Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: