Մակունցը Փալոնին և Սփիրին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության մասին

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Արարատ Միրզոյանի` Վաշինգտոն կատարած այցին և հանդիպումների արդյունքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Ջեքի Սփիրի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ։ Նա նաև կոնգրեսականների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերի ու ապակառուցողական և ռազմատենչ հայտարարությունների ուղղությամբ»,– նշված է հաղորդագրությունում։
Այդ համատեքստում դեսպանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ աջակցելու խաղաղության օրակարգի առաջմղմանը։
Մակունցը նաև անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի` Վաշինգտոն կատարած այցին և կայացած հանդիպումների արդյունքներին։
Հիշեցնենք` Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է եղել մայիսի 2-6-ը՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու նպատակով:
Նա հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, USAID–ի տնօրեն Սամանտա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի, ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Նա նաև ելույթով հանդես է եկել Ատլանտյան խորհրդում։