ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԼՂ և հարակից տարածքներ փորձագիտական առաքելություն ուղարկելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին վստահեցրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։
Նշենք, որ Դումանյանը Փարիզում է ՅՈւՆԵՍԿՕ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով։
«Հայաստանն ի սկզբանե իր աջակցությունն է հայտնել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնությանը՝ ԼՂ և հարակից տարածքներ փորձագիտական առաքելություն ուղարկելու առնչությամբ։ Լիահույս ենք, որ ԼՂ և հարակից տարածքներ ՅՈւՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը կիրականացվի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակում և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև այցելության ընթացքում հավասար թվաքանակով հայկական և ադրբեջանական մշակութային հուշարձաններ այցելելու պայմանի պահպանմամբ»,– ասել է Դումանյանը։
Նա նշել է, որ մինչ օրս ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող վայրագություններին և հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացմանն ու վանդալիզմի, բարեկարգման կամ այլ ձևակերպումների անվան տակ կոթողների այլափոխման նորանոր դեպքերի:
Նման իրավիճակում, ըստ նախարարի, առաքելության շուտափույթ իրականացումը դառնում է առավել կարևոր: