ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 10.8%-ը` Երևանում, իսկ 89.2%-ը՝ մարզերում, տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի (25 %) և Արարատի (20 %) մարզերում։ Խայթոցների դեպքերի 86.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 13.5%-ը՝ կանանց շրջանում: Դեպքերի 91%-ը գրանցվել է մեծահասակների, իսկ 9%-ը՝ 0-18 տարեկան բնակչության շրջանում:
«Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն: Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում: Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանականությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ, ոչ թե սանդալներ կամ կտորից կոշիկներ: Երկար փայտ վերցրե՛ք թփերը հրելու համար: Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Եթե օձն այնուամենայնիվ խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին պետք է արձակել վերնաշապիկի կոճակները, օձիքը և գոտին, կապել կծած վերջույթը: Եթե ձեռքն է վնասվել, այն պետք է անշարժացնել այնպես, որ քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, շատ ջուր տալ տուժածին և շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն:
Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը: