ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս մեկ ամսով է երկարացվել։
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար: Նրան այս օրերին բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալել էին և ազատ արձակել։
«Դատավոր Արմեն Շիրոյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով։ Արձանագրենք, որ դատավոր Շիրոյանը ևս իր ներդրումն ունեցավ Գերասի քաղաքական բանտարկության գործում»,– գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ մինչ կալանքը Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը։ Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` գրավի գումարը չեն վճարել, քանի որ այդքան գումար, բնականաբար, չունեն։ Վարդանյանը մայիսի 12-ին կալանավորվել էր։