«FlyOne Armenia»-ն ձեռք է բերել ևս մեկ Airbus և թռիչքներ կիրականացնի դեպի Մերձավոր Արևելք

Առաջիկայում նաև չարտերային չվերթեր կլինեն մի շարք նոր ուղղություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը համալրել է իր ավիապարկը` գնելով Airbus a319 տիպի երրորդ օդանավը։ Ավիաընկերությունը մտադիր է թռիչքներ իրականացնել դեպի Մերձավոր Արևելք: Տեղեկությունը ասուլիսում հայտնեց «FlyOne Armenia» ավիաընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը։

«Օդանավը 144 տեղանի է, այն մեզ թույլ կտա ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը, բացել նոր ուղղություններ, ավելացնել թռիչքների հաճախականությունը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը»,- ասաց Անանյանը:

Հիշեցնենք` ավիաընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Ներկայումս «FlyOne Armenia»-ն թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Սոչի, Թբիլիսի, Ստամբուլ, իսկ հունիսի 17-ից թռիչքներ կիրականացնի դեպի Փարիզ և Լիոն: Նախատեսվում են թռիչքներ Թեհրան և Բեյրութ, ինչպես նաև չարտերային չվերթեր մի շարք ուղղություններով: