ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ակնկալիքներ ուներ Եվրոպայի առաջնությանը մեկնած բոլոր մարզիկներից։ «Արմենպրեսի» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ, ամփոփելով Եվրոպայի ծանրամարտի առաջնության արդյունքները, մարզիչը նշեց, որ վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, թե մեծահասակների ծանրամարտի միջազգային մրցաշարերին միայն լավագույն մարզիկներն են մասնակցում։
«Ուղղակի մեր պետության վիճակն այնպիսին չէ, որ զբաղեցնենք ցածր տեղեր և մտածենք միայն մասնակցության մասին»,–ասաց Ալավերդյանը։
Մարզիչը որոշ չափով բավարարված է Եվրոպայի առաջնության արդյունքներից, սակայն նշում է, որ դեռ շատ անելիքներ կան։ «Անկեղծ ասած` եթե գոհ լինեմ արդյունքներից, կնշանակի այլևս անելիք չունեմ։ Հիմա պետք է աջակցենք նրանց, ովքեր հաջորդ մրցաշարերում կարող են բարելավել իրենց ցուցանիշներն ու առաջընթաց ապահովել», ասաց Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը։
Նա ուրախությամբ նշեց, որ տղամարդկանց ընտրանու տասը ներկայացուցիչներից յոթը երկամարտի հանրագումարով տուն վերադարձան մեդալով, հետևաբար ձգտելու է հասնել նրան, որ ծանրամարտի առանձին վարժությունների համար միջազգային չափանիշներով արվի առավելագույնը, որպեսզի մարզիկները և՛ պարգևատրվեն պետության կողմից, և՛ արժանանան արտոնությունների։
«Մեր ընտրանու կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին նաև երիտասարդ մարզիկներ, թեև նրանց պարագայում այդ որակումը հարաբերական է, որովհետև նախորդ տարվա մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում հասցրել են ձեռք բերել անհրաժեշտ փորձառություն։ Առհասարակ կարծում եմ, որ մեզ մոտ սերնդափոխությունը պետք է լինի ոչ թե կտրուկ, այլ համաչափ»,– ասաց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը։
Նա տեղեկացրեց, որ հաջորդիվ պատրաստվում են այս տարի Կոլումբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ Հայաստանը կարող է ունենալ 7-8 մասնակից։ Նրա խոսքով` այն միջոցները, որ տրվել են պետության կողմից, պետք է լիարժեք ու տեղին օգտագործվեն, որպեսզի ապահովվեն արդյունքներ և ամաչելու առիթ չլինի։
Ալավերդյանը չափազանց կարևորեց նաև այն հանգամանքը, որ ծանրամարտի աշխարհի գալիք տարվա առաջնությունն անցկացվելու է Հայաստանում, ինչը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող։ Ուստի պետք է այսօրվանից լրջորեն պատրաստվել այդ մրցաշարին և նվաճել հնարավորինս շատ մեդալներ։
«Կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստան կբերվի բարձրակարգ ու թանկարժեք մարզագույք, որն առաջնությունից հետո կբաժանվի ծանրամարտի մասնագիտացված դպրոցներին և կնպաստի մարզաձևի հետագա զարգացմանը մեր երկրում»,–ասաց մարզիչը։
Հիշեցնենք` 2022 թվականի մայիսի 28-ից հունիսի 5-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացավ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ծանրամարտի հավաքականը մրցաշարին մասնակցեց 10 մարզիկով:
Երկամարտի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրեց երրորդ տեղը (7 մեդալ): Եվրոպայի առաջնության չեմպիոններ դարձան Ռաֆայել Հարությունյանը (81 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), փոխչեմպիոնի կոչումը նվաճեցին Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (109 + կգ): Առաջնությունից բրոնզե մեդալներ բերեցին Գոռ Մինասյանը (109 + կգ) և Արսեն Մարտիրոսյանը (109 կգ): Փոքր արծաթե մեդալ նվաճեց Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), իսկ Տաթև Հակոբյանը (76 կգ) բավարարվեց փոքր բրոնզե մեդալով։