ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևանում հունիսի 10-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության վիճակն ու ազդեցությունը կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա:
Արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին տեղեկություն կտրամադրվի արդի աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների մասին: