Բյուրեղավանի ավարտական միջոցառման մասնակիցներից 15-ը հիվանդանոցում են. ի՞նչ են կերել նրանք

Հիվանդանոց
Միջոցառման մասնակիցներն ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ-ում գտնվող պացիենտներից 1-ը դուրս է գրվել, հոսպիտալացվել է 1 նոր պացիենտ։ Միջոցառման մասնակիցներից ևս մեկը տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` այս պահին հոսպիտալացված է 15 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով։
Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ 2022 թվականի հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ (65 անձ) ավարտական միջոցառում են անցկացրել, որի ժամանակ կերել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, խմել են գործարանային արտադրության հյութեր:
Միջոցառման հաջորդ օրը մասնակիցները դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ: Նրանք ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից հիվանդներից լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են կենսանմուշներ և խմելու ջրի նմուշ։ Դեպքի մասին տեղեկացրել են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:
ՀՀ–ում մեկ տարում օձի խայթոցի 111 դեպք է գրանցվել. տուժածին օգնելու առաջին քայլերը