Վոլոդինը հորդորում է ՀԱՊԿ շրջանակում պայքարել ԱՄՆ–ի ռազմակենսաբանական գործունեության դեմ

Վյաչեսլավ Վոլոդին
ՌԴ պետդումայի խոսնակը կարծում է, որ Ուկրաինայում ամերիկացիների կողմից ռազմակենսաբանական ծրագրի իրականացումը պետք է միջազգային հետաքննության առարկա դառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն ամերիկյան կենսալաբորատորիաների ռազմակենսաբանական սպառնալիքը չեզոքացնելու համար։ Երևանում, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«ՀԱՊԿ անդամ երկրներին հաստատված փաստեր են ուղարկվել առ այն, թե ինչպես և ինչ նպատակով է Պենտագոնը ռազմակենսաբանական գործունեություն ծավալել Ուկրաինայում։ Վաշինգտոնի ստեղծած լաբորատորիաները վտանգավոր պաթոգենների հետ աշխատելու համար բավարար պաշտպանվածություն չեն ունեցել։ Այդ լաբորատորիաների անկառավարելի աշխատանքը նոր վիրուսների և վարակների մանրէահիմքերի տարածման ռիսկեր է ստեղծում», – նշեց նա։

Վոլոդինը վստահ է, որ Ուկրաինայի տարածքում ամերիկացիների կողմից իրականացվող ռազմակենսաբանական ծրագրերը պետք է միջազգային հետաքննության առարկա դառնան։ Միևնույն ժամանակ, ՌԴ քաղաքական գործչի խոսքով, կենսաբանական սպառնալիքներին արդյունավետորեն հակազդելու գործընթացը ենթադրում է, որ ՀԱՊԿ շրջանակում աշխատանքները պետք է համակարգվեն միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։
ՀԱՊԿ մեխանիզմները դարձնենք ավելի արդյունավետ. Փաշինյանն ընդունել է ԽՎ նիստի մասնակիցներին
ՌԴ Պետդումայի խոսնակը հավելել է, որ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ճիշտ կլիներ այս տարվա աշնանը լսել Ուկրաինայում կենսալաբորատորիաների ստեղծման հետ կապված հանգամանքների հետաքննությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը։
Վաշինգտոնից և Բրյուսելից ճնշում են գործադրում ՀԱՊԿ երկրների վրա. Վոլոդին
Հիշեցնենք` այսօր Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը, որը վարում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նիստի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը: