Որսագողություն Խոսրովի անտառում. սատկած բեզոարյան այծը հայտնաբերվել է ջրատար առվում

Խոսրովի անտառ
Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանուն նկատել է Արարատի մարզի բնակիչներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհի աջ հատվածում` «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվում, սատկած բեզոարյան այծ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ.-ն զանգել է ոստիկանություն և ասել, որ հունիսի 2-ին` ժամը 14։20-ի սահմանում, այծին նկատել է ջրատար առվում, կենդանին արդեն սատկած է եղել։
Կայքի տեղեկություններով` Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամում:
Ոստիկանության Արարատի բաժնում որսագողության փաստով նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ բեզոարյան այծերը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Մեր երկրում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։
Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքը բեզոարյան այծի որսի և ոչնչացման դեպքում նախատեսում է 3 մլն դրամ տուգանք, հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկ ավելի։