ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ուկրաինացի ազգայնականների խմբավորումները պայթեցրել են Սևերսկի Դոնեցի վրայով անցնող կամուրջը, որպեսզի կանխեն Ուկրաինայի ԶՈւ-ի նահանջը Սվյատոգորսկից։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսական ստորաբաժանումների ճնշման տակ Ուկրաինայի ԶՈւ 95-րդ դեսանտագրոհային բրիգադի և 81-րդ առանձին աերոմոբիլ բրիգադի մնացորդները թողել են զինտեխնիկան զենքով և ցրվել ափի երկայնքով»,- պատմել է գեներալը։
Նրա խոսքով` մինչև 80 ուկրաինացի զինվորականներ գետն անցել են լողալով, նրանց ուղղությամբ կրակ չեն բացել։
«Ուկրաինայի զինծառայողների կիևյան անպետք ռեժիմը պաշտպանելուց հրաժարվելու արարքը գնահատում ենք որպես միակ ճիշտ արարք և ոչ թե վախկոտություն»,- ընդգծել է Կոնաշենկովը։
Նա նաև կոչ է արել բոլոր զինվորականներին և Ուկրաինայի տարածքային պաշտպանության ստորաբաժանումների անդամներին հետևել այդ օրինակին և դադարեցնել «անմիտ դիմադրությունը, սեփական կյանքերը պահպանելու համար»։ ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ ՌԴ ԶՈւ-ն իր հերթին զենքը ինքնակամ վայր դրած բոլոր զինվորականներին երաշխավորում է արժանի վերաբերմունք և վերադարձ ընտանիք։
Կոնաշենկովը հավելել է, որ ռուսական բանակն անցել է Սվյատոգորսկի և շրջակա տարածքների ազատագրման վերջնական փուլին։
Սվյատոգորսկը (մինչև 2003 թվականը Սլավյանոգորսկ) գտնվում է ԴԺՀ-ի հյուսիսային հատվածում, Խարկովի մարզի Իզյում (գտնվում է ՌԴ զինվորականների վերահսկողության տակ) քաղաքից 40 կմ դեպի հարավ-արևելք։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։