ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Նախորդ տարի շարունակվել են Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններում դաշնակցային հարաբերություններին և ռազմավարական գործընկերությանն ուղղված ջանքերը։ ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Տարին նշանավորվել է ՌԴ–ի հետ բարձր մակարդակներում և քաղաքական ակտիվ երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի համակարգմամբ, տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ»,– ասաց նա։
Միրզոյանի խոսքով` ՀՀ–ն ակտիվորեն մասնակցել է եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման գործընթացին։
Բացի այդ, ըստ նախարարի, քայլեր են արվել ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության հետագա խորացման համար. ՀՀ–ի համար հետաքրքիր է արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումը։