Սիմոնյանն ու Վոլոդինը խոսել են հայ-ռուսական միջպետական փոխգործակցության մասին

Վյաչեսլավ Վոլոդինն ու Ալեն Սիմոնյանը
Զրույցի ընթացքում ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր բաղադրիչ է դիտվել խորհրդարանական երկկողմ ձևաչափը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ քննարկել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությանը, իրավապայմանագրային լայն բազայի հետևողական կատարելագործմանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Վոլոդինի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում։
Հանդիպմանը երկուստեք արձանագրվել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխանող պատշաճ մակարդակով նախատեսված միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը։

«Մտքեր են փոխանակվել անցած տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական, դաշնակցային փոխգործակցության շուրջ: Կարևորվել է նաև առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությունը: Զրույցի ընթացքում ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր բաղադրիչ է դիտվել խորհրդարանական երկկողմ ձևաչափը, ինչը նպաստում է համատեղ ակտիվ և կառուցողական աշխատանքին»,- նշված է հաղորդագրությունում:

Սիմոնյանը գործընկերոջը հիշեցրել է, որ հայկական կողմը նախատեսում է հրատարակել «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցություն 1992-2021 թթ.» փաստաթղթերի ժողովածուն:
Վոլոդինն ընդգծել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է մի շարք ոլորտների համատեղ օրենսդրական կարգավորման, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:
Կողմերը գոհունակություն են հայտնել ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ և Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) խորհրդարանական վեհաժողովների և այլ միջազգային հարթակներում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակի վերաբերյալ:
Կարևորվել է ՀՀ ԱԺ պրոֆիլային մշտական հանձնաժողովների և ՌԴ ԴԺ Պետդումայի և Դաշնության խորհրդի մշտական հանձնաժողովների պարբերական համատեղ նիստերի անցկացման արդեն ավանդական դարձած պրակտիկան:
Գործընկերները քննարկել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի որոշ մանրամասներ՝ հույս հայտնելով, որ նոր լիցք կհաղորդվի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով սպասում է Հայաստանում:
Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ: