ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը վստահ է, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները դաշնակցի առջև՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում Հայաստանի կրած սպառազինության կորուստները լրացնելու համար։ Այս մասին նա ասել է Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
«Ռուսաստանի Դաշնությունը միշտ կատարել է իր պարտավորությունները դաշնակիցների հանդեպ, կկատարի նաև սա։ Անկախ կողմնակի գործոններից»,-ասել է Կարտապոլովը։
Ինչ վերաբերում է Երևանում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին, ապա Կարտապոլովը քննարկումներն օգտակար է համարում: Նրա խոսքով՝ առաջարկված նախաձեռնությունները ճիշտ ժամանակին են և համապատասխանում են այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է կազմակերպությունը իր պատմական զարգացման ներկայիս փուլում:
Կշարունակվի աշխատանքն ազգային օրենսդրությունների հետ, որպեսզի խաղաղապահ ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում գործեն ընդհանուր հունով և օրենքի տեսանկյունից պաշտպանված լինեն։
Պետդումայի կոմիտեի ղեկավարը պահանջված է համարում ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելությունը:
«Այսօրվա դրությամբ այդ մասին վաղ է խոսել, միևնույն ժամանակ չի կարելի բացառել այն հնարավորությունը, որ նման անհրաժեշտություն կառաջանա հետկոնֆլիկտային փուլում, բայց այսօր այդ հարցը օրակարգում չկա»,-ասել է նա:
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը միջխորհրդարանական համագործակցության մարմին է։ 2016 թվականի նոյեմբերից ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
ՀԱՊԿ ԽՎ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Ազգային Ասամբլեայի ստորին պալատը, Բելառուսի և Ռուսաստանի Միության Խորհրդարանական ժողովը, Սերբիայի Ժողովրդական սկուպշչինան:
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։